Internet Explorer 6 բրաուզերը թողարկվեց Microsoft-ի կողմից 2001 թվականին: Այն իր ժամանակի մեջ բավական հաջող բրաուզեր էր, ուներ բազմաթիվ նոր հնարավորություններ ու էապես ավելի լավն էր իր նախորդից (IE5.5): IE6-ը ներառվեց Windows XP-ի մեջ և բավական արագ լայն տարածում ստացավ աշխարհում:
Բայց դա 2001 թիվն էր: 2010-ին այդ բրաուզերի մասին լավ կլիներ խոսել որպես մի մոռացված, “պատմական նշանակության” ծրագրի մասին, որը շատերը չեն էլ տեսել: Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2010-ի փետրվարի դրությամբ ինտերնետից օգտվողների 20%-ը օգտագործում է IE6: Սա 2րդ ցուցանիշն է բրաուզերների մեջ (վիճակագրությունը ըստ վերսիաների է. առաջին տեղում IE8-ն է): Եթե 2001ին այս բրաուզերը նպաստում էր ինտերնետի զարգացմանը, ապա վերջին տարիներին այն միայն խոչընդոտում է նոր տեխնոլոգիաների առաջացմանն ու տարածմանը: Դանդաղ աշխատանքը, ստանդարտներին անհամապատասխան վարքը, հնացած user-interface-ը, վերջապես անվտանգության հետ կապված անթիվ խնդիրները ուղղակի «փորձանք» են դարձել ինչպես IE6 օգտագործողների (որոնց մեծ մասը տեղյակ էլ չէ այս ամենի մասին), այնպես էլ վեբ-ծրագրավորողների համար (որոնք ստիպված են բուժել իրենց նյարդային համակարգը):
IE6-ից հրաժարվելու պահանջը վաղուց էր հասունացել: Արդեն մի քանի տարի է, ինչ թողարկվում են նոր բրաուզերներ (այդ թվում` Microsoft-ի կողմից), որոնք բոլոր առումներով գերազանցում են IE6-ին: 2008 թվականին բրաուզերների «շուկա» մտավ Google-ը` իր Chrome ծրագրով, ու միանգամից նոր չափանիշներ սահմանեց` արագության, հարմարավետության, անվտանգության ու նորագույն ստանդարտների կիրառության: Մրցակցությունը կտրուկ մեծացավ և իրար հետևից ի հայտ եկան ավելի ու ավելի արագագործ ու հարմարավետ բրաուզերներ` Safari 4, Firefox 3.6, Chrome 4. Microsoft-ը սկսել է IE9-ի աշխատանքները, իսկ Opera-ն արդեն շուտով կներկայացնի իր նորույթը (10.5): Սակայն այս բուռն մրցակցությունը բավարար չեղավ ինտերնետի կտրուկ զարգացում ապահովելու համար, քանի որ դեռ չեն անհետացել հինավուրց բրաուզերները, առաջին հերթին` IE6-ը:
Բազմաթիվ անհատ ծրագրավորողներ պայքար են մղում IE6-ի դեմ (ինչպես օրինակ` StopIE6.com, ie6.forteller.net), սակայն IE6 օգտագործողների թիվը շատ դանդաղ է պակասում. նրանք չեն փոխում իրենց բրաուզերը, քանի որ ամենահանրահայտ կայքերը (թեկուզ դժվարությամբ) աշխատում են իրենց բրաուզերի վրա: Իսկ ծրագրավորողները չեն դադարեցնում IE6-ի սատարումը հենց այդ 20% այցելուների պատճառով…
2010-ին վերջապես սառույցը կոտրվեց: Հունվարին Google-ը հայտարարեց, որ այս տարի աստիճանաբար դադարեցնելու է հինավուրց բրաուզերների սատարումը, առաջին հերթին իհարկե IE6-ի: Այսօր արդեն Youtube-ը իր IE6 օգտագործող այցելուներին տեղեկացնում է, որ ժամանակն է թարմացնել բրաուզերը, քանի որ մարտի 13-ից իրենք դադարեցնում են սատարումը! Հույս կա, որ այս քայլերը կնպաստեն IE6-ը գործածությունից վերջնականապես դուրս մղելուն:
Մարտի 4-ին ԱՄՆ-ի Դենվեր քաղաքում կազմակերպվեց IE6-ի հուղարկավորության արարողությունը. IE6Funeral.com: Ասում են Microsoft-ից ևս ծաղկեպսակ էին ուղարկել…



Vahagn on March 22, 2010, 10:16
Lavn er!!!!